Սիրիայի Լաթաքիա քաղաքում ինքնաձիգներից արձակված կրակահերթի հետևանքով թեթև վիրավորվել են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդական առաքելության 11 ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՊԼ ներկայացուցչին, որը, սակայն, նշել է, որ «այդ միջադեպը չի ազդել Սիրիայում տեսուչների գործունեության վրա»:
ԱՊԼ նախագահ Նաբիլ Ալ-Արաբին այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով դիտորդների վրա հարձակումը:
«ԱՊԼ-ն դատապարտում է դիտորդների դեմ անընդունելի գործողությունները և բռնությունները»,- ասել է նա՝ նշելով, որ դիտորդների անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Սիրիայի կառավարությունը:
ԱՊԼ 165 հոգուց բաղկացած դիտորդական խումբը Սիրիա է ժամանել դեկտեմբերի 26-ին: Նրանց խնդիրն է գնահատել երկրում տիրող իրավիճակը:










































