Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում հայտնաբերվել է նոր գազային հանքավայր։ Այս մասին հայտարարել է Կասպիական նավթային ընկերության (Khazar Petroleum Company) գործադիր տնօրեն Ալի Օսուլին։
Վերջինիս խոսքերով՝ նոր գազային հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 1.8 տրիլիոն խորանարդ մետր։ Իրանցի պաշտոնյաները նշում են, որ նոր գազային հանքավայրը հնարավորություն կտա ավելացնելու դեպի Եվրոպա և Թուրքիա իրանական գազի արտահանումը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 11-ին Իրանը խոշոր գազային հանքավայր էր հայտնաբերել Կասպից ծովի իր բաժնեմասում, որի պոտենցիալ պաշարները գնահատվում են մոտ 1.4 տրիլիոն խորանարդ մետր։ Իրանի գազային պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր։