Reuters-ը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ իրար են գովաբանել, ծաղրել են ԱՄՆ-ին և կատակներ են արել ատոմային զենք ունենալու թեմայով:
Չնայած աշխարհագրական հեռավորությանը, ԱՄՆ-ի թշնամի այս երկրները կարողացել են բավական ամուր կապ ստեղծել միմյանց միջև, թեև հստակ միջոցառումների և ծրագրերի այդպես էլ չեն անցել` բավարարվելով միայն հռետորությամբ:
Ուգո Չավեսը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ամերիկյան իմպերիալիզմի թիրախներից մեկը Իրանն է, որի պատճառով էլ իրենք ցույց են տալիս իրենց համերաշխությունը:
«Երբ մենք հանդիպում ենք, հրեշները խենթանում են»,- ասել է նա` ծաղրելով ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ Լատինական Ամերիկայի երկրները չպետք է օգնեն Իսլամական Հանրապետությանը:






































