Ընտրությունները միշտ էլ բացասաբար են ազդում անշարժ գույքի շուկայի վրա, և այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները նույնպես կպասիվացնեն շուկան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մենդեր» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արտակ Աղաջանյանը:
«Ընդհանուր կպասիվանա, կարծում եմ: Ընտրություններից առաջ, հետո էլ որոշ ընթացք պասիվ է լինում: Կախված է, թե ինչ ուժեր են գալիս: Ամեն դեպքում ոչ մի հիմք չեմ տեսնում ակտիվության, եթե տնտեսությունը չզարգանա, որտեղից պետք է ակտիվանա առքուվաճառքը»,- ասաց Ա. Աղաջանյանը՝ հավելելով, որ անշարժ գույքի գների առումով վիճակը նույնն է՝ կայուն և խիստ անկում չկա:
Նշենք, որ ԱՎԾ համաձայն՝ Երևանում 2010 թ. նոյեմբերի համեմատ 2011 թ. նոյեմբերին բնակարանների գները նվազել են 2.7%-ով`264.9 հազարից դառնալով 258 հազար դրամ:








































