ՀՀԿ-ն որևէ մտավախություն չունի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում ինքը Ազգային ժողովում մեծամասնություն չի կազմի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Երբ նայում ենք հետ, վերլուծում և համադրում ենք մեր կատարած աշխատանքները, արձանագրում ենք, որ Հանրապետական կուսակցությունը պահպանում է իր դիրքերը: ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններին ևս հնարավորություն ունի ոչ միայն պահպանել իր դիրքերը, այլև օբյեկտիվ իրականության մեջ ունենալ ավելի մեծ հաջողություններ: Եվ դա այն կազմակերպչական աշխատանքների, այն կուսակցական կառույցների, այն հեղինակության արդյունքում, որ ՀՀԿ-ն ունի հասարակության շրջանում: Մարդիկ գիտեն, որ ՀՀԿ-ն վստահություն է ներշնչում և կարող է արդարացնել ապագայի հետ կապված հույսերը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր վստահությունն իրական հիմքեր ունի:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու մասին հարցին՝ Սամվել Նիկոյանը նշել էր, որ առայժմ չի ցանկանում բացառել կամ հաստատել որևէ բան։ ԱԺ խոսնակն, այդուհանդերձ, հավելել էր․ «Բայց կարծում եմ, որ առանձին ցուցակներով են գնալու։ Եվ այդ կապակցությամբ կուսակցությունների համապատասխան ղեկավար մարմինները և ղեկավարները կհայտարարեն»։










































