News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին քննադատել է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ հայտարարելով, որ նա անտարբեր է ժողովրդի նկատմամբ.
«Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին ես Իվանիշվիլիին կոչ արեցի մինչև 2012 թ. հունվարի 7-ը կարիքավոր ընտանիքներին հատկացնել 300-ական լարի (մոտ 180 դոլար)։ Ես նրան խորհուրդ տվեցի օգտվել իր Սոցիալական սպասարկման գործակալության տվյալների բազայից, ուր գրանցված է մոտ 900,000 սոցիալապես անապահով մարդ։ Սակայն Իվանիշվիլին չարձագանքեց իմ առաջարկներին։ Իվանիշվիլիի համար ժողովուրդը մեկանգամյա գործածման զանգված է։
Ժամանակին Իվանիշվիլին Սաակաշվիլիին դարձրեց միլիարդատեր, իսկ ներկայումս նոր միլիոններ է շռայլում, այսպես կոչված, ընդդիմությանը, որը նշանակված է ԱՄՆ կողմից, ինչպես և Սաակաշվիլին։ Լեյբորիստները կանեն ամեն ինչ, որպեսզի վրացական քաղաքականությունից հեռացնեն Սաակաշվիլիին ու Իվանիշվիլիին»։











































