Տարեվերջին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները, շրջաբերական գրություն էր ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ գարնանային արձակուրդները անհրաժեշտության դեպքում ձմեռային արձակուրդներին միացնելու մասին. հաշվի առնելով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց ըստ մարզերի՝ Սյունիքը, Լոռին և Գյումրին, ամբողջությամբ դաս են անում, Երևանում՝ մոտ 28 դպրոց դաս չի անում, Արագածոտնում՝ 50-ն են դաս անում, Արարատում և Տավուշում մեկ շաբաթով հետաձգել են դասերը, Գեղարքունիքում թեև մեկ շաբաթով էին հետաձգվել դասերը, սակայն հիմա քննարկում են երկու շաբաթով հետաձգելու հարցը, Վայոց Ձորում 21 դպրոց դաս չի անում, իսկ Կոտայքում՝ 25: Նարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ այս դպրոցները ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն:
Հարցին՝ Երևանում կա՞ն դպրոցներ, որոնք թեև ունեն ջեռուցում, բայց չեն անում դաս, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրանք բացառիկ դպրոցներ են, որոնք ջեռուցում ունեն, բայց նրանց մասնաշենքերը մեծ են, չեն տաքանում։ Այսօր փորձել են, բայց շենքը չի տաքացել, քանի որ դաս չի եղել, ընդհանուր սառել է, և հեշտ չէ հետ բերել: Հետաձգում են, մինչև որ կարգավորեն»,-ավելացրեց Ն. Հովհաննիսյանը:







































