ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ կոալիցիայի կուսակցությունների ղեկավարներն առաջիկայում կհայտարարեն խորհրդարանի ընտրությանն առանձին ցուցակներով մասնակցելու մասին: Այդպիսով՝ իշխանական օրակարգից, ըստ ամենայնի, դուրս է գալիս միասնական ցուցակի հարցը: Այն, իհարկե, պաշտոնապես երբեք էլ չի եղել օրակարգում, բայց 2011 թվականի փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագրից հետո միասնական ցուցակը, ըստ էության, տրամաբանական շարունակությունը պետք է լիներ: Սակայն երբ ներկայումս դիտարկում ենք ընտրության ընթացքի և, այսպես ասած, նախընտրական միջավայրի տրամաբանությունը, ապա կոալիցիայի առանձին ցուցակները ոչ պակաս տրամաբանական են:
Բանն այն է, որ, այսպես ասած, բազմազանությունը անհրաժեշտ է իշխանությանը, որովհետև միատարրության դեպքում հարկ կլիներ մեծամասնություն ապահովելու համար դիմել բավական կոշտ ընտրակեղծիքների: Իսկ իշխանությունը դրա հնարավորությունը ներկայումս չունի թե քաղաքական, թե տնտեսական ռեսուրսի առումով: Հետևաբար, միատարրությունը չի բխում իշխանության մարտավարական շահից, քանի որ առանձին մասնակցության դեպքում առաջանում է մանևրի հնարավորություն, ինչից զրկվում է իշխանությունը միասնական ցուցակի պարագայում:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար էր ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի վերաբերյալ ներիշխանական քննարկումների ամբողջ պատմությունը, ինչու էր Սերժ Սարգսյանը տևական ժամանակ փորձում ԲՀԿ-ին, այսպես ասած, միասնական ցուցակի հակել: Այստեղ թերևս գործ ունեինք ավելի շատ հենց մարտավարական խնդրի հետ: Միասնական ցուցակի շուրջ քննարկումներով Սերժ Սարգսյանը հավանաբար փորձում էր պարզապես ճնշում բանեցնել ԲՀԿ-ի վրա, որպեսզի առանձին ցուցակների պարագայում ԲՀԿ-ից հնարավորինս շատ փոխզիջում կորզի, ինչպես, ասենք, 2007 թվականին: Կասկած չկա, որ այն ժամանակ ԲՀԿ-ն շատ ավելի ձայներ էր հավաքել, քան Հանրապետականը, սակայն բացարձակ մեծամասնություն կազմեց ՀՀԿ-ն: Եվ, թերևս, կասկած չկա, որ այդ մեծամասնությունը կազմվեց հենց ԲՀԿ-ի հաշվին:
Ըստ երևույթին, այժմ էլ կա այդ խնդիրը: ՀՀԿ-ն հասկանում է, որ ինքն անկարող է հավաքել այնքան ձայն, որ հնարավորություն ստանա խորհրդարանում հարմարավետ զգալ: Հետևաբար «հույսը» դառնում են ԲՀԿ-ի ձայները, որովհետև հազիվ թե, ասենք, Հայ ազգային կոնգրեսը իր ձայները տա ՀՀԿ-ին: Հետևաբար, Սերժ Սարգսյանի համար կարևոր է հնարավորին ճնշել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա, ինչպես 2007-ին, իր ստացած կամ ավելի ճիշտ կլինի ասել հավաքած ձայները անհրաժեշտության դեպքում «նվիրաբերի» ՀՀԿ-ին:
Մյուս կողմից՝ ներկայումս, իհարկե, բավական մեծ հարց է՝ արդյո՞ք Ծառուկյանն ունի այնքան ձայն, որքան, ասենք, 2007-ին: Ի վերջո, 2007-ին Ծառուկյանը փորձում էր հանդես գալ, այսպես ասած, ներիշխանական այլընտրանքի դերում՝ հավակնելով լինել առկա համակարգի ընդդիմություն: Սակայն հետագա տարիներին Ծառուկյանը հանրությանը մատուցեց հակառակը՝ որ ինքը ոչ թե առկա համակարգի ընդդիմություն է, այլ ընդամենը դրա կցորդը: Այսինքն՝ այժմ ԲՀԿ-ն ավելի շատ ավելորդություն է, քան այլընտրանք: Եվ հասարակությունն էլ դա հասկանում է, անգամ այն մասը, որը 2007 թվականին հավատում էր Ծառուկյանի քաղաքական «կուրսին»:
Եվ, ի վերջո, կա նաև 2011-ի փետրվարի 17-ի հուշագիրը, որից, համենայն դեպս՝ առայժմ, Ծառուկյանը դեռ չի հրաժարվել, և նույնիսկ վերհաստատել է, և այդ ամենը՝ հանրության աչքի առաջ: Էլ չասած այն մասին, որ Ծառուկյանը դեռ չի հրաժարվել նաև Ռոբերտ Քոչարյանից և չի տվել նրա նախագահության շրջանի քաղաքական ամբողջական գնահատականը:






































