Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր սկսում է իր շրջագայությունը Լատինական Ամերիկայով, որի նպատակն է ամրացնել կապերն Իրանի մի քանի դեռևս դաշնակից երկրների հետ: Հիշեցնենք, որ Իրանը գտնվում է արևմտյան տնտեսական պատժամիջոցների ճնշման տակ։
Այս շրջագայության ընթացքում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեծանում է միջազգային անհանգստությունը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, Ահմադինեժադը կհանդիպի Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ։
Իրանի նախագահն ավելի ուշ այսօր կժամանի Կարակաս, իսկ երեքշաբթի օրը կհանդիպի Նիկարագուայի վերջերս վերընտրված առաջնորդ Դանիել Օրտեգայի հետ:
AFP-ն հաղորդում է, որ Իրանի նախագահը շրջագայությունը կավարտի` այցելելով Կուբա և Էկվադոր: Լատինական Ամերիկայի այս 4 երկրները սառը հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ, և նրանց նախագահները վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար այցելել են Թեհրան` կառուցելու համար դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ, մինչդեռ կապերը Վաշինգտոնի հետ այդ ընթացքում վատթարացել են:











































