Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, երեկ երկօրյա աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբան։ Անկարայում նրան ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղ ատոմի ոլորտում երկկողմանի համագործակցության բանակցությունները մոտ ժամանակներս շարունակելու շուրջ։
Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք նախկինի նման բարձր են գնահատում միջուկային էներգետիկայի ոլորտում ճապոնական տեխնոլոգիաները, չնայած նախորդ տարվա գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում տեղի ունեցած վթարին։
Գեմբան իր հերթին հայտարարել է, որ Ճապոնիան մտադիր է առաջիկայում Թուրքիայի հետ փոխհարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Գեմբան ընդգծել է, որ Ճապոնիան գիտակցում է տարածաշրջանում Թուրքիայի կարևորությունը։
Երեկ Գեմբային ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Նրանց դռնփակ հանդիպմանը մասնակցել է նաև Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ նախքան «Ֆուկուսիմա 1»-ի վթարը Թուրքիան Ճապոնիայի հետ բանակցում էր սևծովյան Սինոպում երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ։








































