Ներկայումս Իրանը շահագրգռված է հարևանների հետ հարաբերությունների լավացման հարցում, քանի որ վերջին 2 տարիներին ամերիկացիներին հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվել նախկինում՝ աշխարհատնտեսական շրջափակման մեջ վերցնել Իրանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
«Արտաքին առևտուրն Իրանի կյանքում շատ մեծ դեր է խաղում, քանի որ այդ երկրում գյուղատնտեսության և արդյունաբերության բոլոր ուղղությունները չէ, որ ներկայացված են, դրա համար էլ նրան հարևանների հետ ապրանքաառևտրային շրջանառություն է անհրաժեշտ: Ընդ որում, Իրանի հարևաններն ավելի շատ տարանցիկ երկրների դեր են կատարում: Իրականում Իրանը բավական մեկուսացած երկիր է: Հայաստանն այստեղ կարող է շատ մեծ դեր խաղալ, քանի որ շատ լոյալ պետություն է»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ իր կարծիքով, հայ-իրանական հարաբերությունները ներկայումս բավական բարձր մակարդակի վրա են գտնվում:
Անդրադառնալով Իրանի ՆԳ նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարի՝ հունվարի կեսերին Հայաստան կատարելիք այցին՝ Իգոր Մուրադյանը նշեց, որ այցը կարող է լինել ինչպես նախատեսված, այնպես էլ արարողակարգային բնույթի: «Գուցե խոսքը երկու երկրների շփման անվտանգությանը վերաբերող հարցերի մասին լինի, չգիտեմ»,- ասաց քաղաքագետը:








































