Անդերս Բրեյվիկի փաստաբանը դեմ է հոգեբանական եզրակացության արդյունքների վերանայմանը, որով նորվեգացի ահաբեկիչն անմեղսունակ է ճանաչվել:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, կրկնակի փորձաքննություն են պահանջում Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվածներից մի քանիսի հարազատները: Սակայն Բրեյվիկի պաշտպանները հայտարարել են, որ «արդեն գոյություն ունի մեղադրյալի հոգեբանական վիճակի գնահատականը»:
Բրեյվիկի գործով երկու դատախազները նույնպես նամակ են ուղարկել Օսլոյի դատարան, որտեղ հայտարարել են, որ կրկնակի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չկա:
Հոգեբանները Բրեյվիկին անմեղսունակ են ճանաչել նոյեմբերի 29-ին` պարանոիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ: Սակայն փորձաքննության արդյունքները միանգամից կասկածի տակ են դրվել: Ավելի վաղ Բրեյվիկը հայտարարել էր, որ ինքն իրեն անմեղսունակ չի համարում:
Ոստիկանությունը հայտնում է, որ ահաբեկիչը, որն իրեն համարում է իսլամի և մուլտիմշակութային հաղորդակցման դեմ պայքարող, փորձաքննության արդյունքներն ընդունել է որպես անձնական վիրավորանք:
Նոր փորձաքննություն անցկացնելու մասին որոշումը կայացվելու է հունվարի կեսերին, իսկ դատավարությունն սկսվելու է ապրիլի 16-ին:








































