Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Փարիզի աշխարհահռչակ արվեստի թանգարանում ` Լուվրում, բացվել է նոր պատկերասրահ, որը ցուցադրելու է իսլամական արվեստի նմուշներ:
APA գործակալությունը, վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, նշում է, որ Լուվրի նոր թևը, որտեղ կներկայացվեն իսլամական երկրների արվեստի նմուշները, շահագործման կհանձնվի այս ամառ:
Լուվրի տնօրեն Անրի Լուարեթն ասել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը, որը մեկնարկել է 2005 թվականից, 98,5 միլիոն եվրո է: Ծրագիրը ֆինանսապես հովանավորող պետությունների շարքում են Ֆրանսիան, Ադրբեջանը, Քուվեյթը, Օմանը, Մարոկկոն: Սաուդյան իշխան Ալ-Վալիդ բին Թալալը նախագծի իրականացման համար 17 մլն եվրո է ներդրել: Սակայն ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար դեռևս անհրաժեշտ է 10 միլիոն եվրո:
Թանգարանի նոր թևի տանիքը միավորում է հին և ժամանակակից արվեստի միտումները և պատված է ապակու ոսկե տարրերի շերտով:









































