Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պահանջել է կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ՆԳ նախարարության նախկին ղեկավար Հաբիբ Ալ-Ադլիին և նրա վեց տեղակալներին: Այս մասին հայտնում է եգիպտական МЕНА գործակալությունը:
Մուբարաքը և Եգիպտոսի ՆԳ նախարարության նախկին ղեկավարը մեղադրվում են 2011 թվականի սկզբին ժողովրդական հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու մեջ:
Հինգշաբթի օրը շարունակվել են Եգիպտոսի նախկին ղեկավարության գործով դատական լսումները, որտեղ հիմնականում ելույթ են ունեցել Եգիպտոսի գլխավոր դատախազության ներկայացուցիչները:
Դատախազության կարծիքով, Եգիպտոսի նախկին նախագահը մեղավոր է մարդկանց մահվան մեջ, չնայած դեռ ապացույցներ չկան, որ Մուբարաքն է հրաման տվել զենք կիրառել ցուցարարների դեմ:
«Նախագահը պատասխանատու է ժողովրդի պաշտպանության համար, այդ պատճառով հարցը նրանում չէ, թե արդյոք նա հրաման տվել է կրակ բացել ցուցարարների վրա, թե ոչ: Անհրաժեշտ է ճշտել` ինչո՞ւ նա չի միջամտել բռնությունը դադարեցնելու համար»,- ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մուստաֆա Սուլեյմանը:
Նա նաև հավելել է, որ երկրի ղեկավարն անհնար է, որ չիմանար ցույցերի մասին, որոնք բռնկվել էին հունվարի 25-ին Եգիպտոսի որոշ մարզերում:











































