Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հունվարի 4-ի երեկոյան հեռուստահարցազրույց է տվել՝ պատասխանելուվ Bild պարբերականի մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վուլֆը խոստովանել է, որ զանգահարել է պարբերականի գլխավոր խմբագրին՝ նախքան նրա էջերում լույս կտեսներ իր կողմից պարտք վերցնելու մասին նյութը: Սակայն նախագահի խոսքերով՝ ինքը չի սպառնացել լրագրողին, այլ պարզապես խնդրել է հետաձգել հոդվածի հրապարակումը, որպեսզի ինքը կարողանա բացատրություններ տալ դրանում նշվող փաստերին:
Բացի այդ, Վուլֆը ներողություն է խնդրել պարբերականից և խոստովանել, որ իր զանգը «լուրջ սխալ էր»:
Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ երբեք ոչ մի օրենք չի խախտել և չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա խոսքերով՝ նախագահը ունի նույնպիսի իրավունքներ, ինչ մյուս մարդիկ, և իրավունք ունի պարտք վերցնել իր ընկերներից:
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ սկանդալ բռնկվեց այն բանի հետո, երբ 2011 թ. դեկտեմբերին Bild պարբերականի էջերում հայտնվեց մի հոդված, ըստ որի՝ 2008 թ. դեռևս Ներքին Սաքսոնիայի վարչապետ Վուլֆը արտոնագրային պայմաններով իր ընկերոջ՝ ձեռնարկատեր Էգոն Հերքենսի կնոջից պարտք էր վերցրել և այդ գումարով տուն գնել:
Նախագահ դառնալուց հետո ընդդիմության այն հարցին՝ արդյո՞ք նա որևէ կապ ունի ձեռնարկատիրոջ հետ, Վուլֆը բացասական էր պատասխանել:
Դատախազությունը, ուսումնասիրելով իրավիճկը, ոչ մի հիմք չի գտել քրեական գործ սկսելու համար, մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ դա նախագահի կողմից անբարոյական արարք է, և նա պետք է հրաժարական տա:








































