Հայ Աառաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնին ընդառաջ բարություն, առատություն, բարեփոխություն է ցանկանում հայ ժողովրդին: Սրբազանի խոսքերով, սակայն, տոնի խորհրդի գիտակցությունը մեր ժողովրդի մեջ ավելի քիչ է, քան պետք է. «Նոր տարին մի փոքր խլել է Սուրբ Ծննդյան խորհուրդը: Մեղավորը գաղափարախոսությունն է, Սուրբ Ծնունդը խլեցին, Նոր տարին դրին»:
Արդյո՞ք միայն բարությունը, առատությունը, բարեփոխությունը է պակասում ժողովրդին. սրբազանի կարծիքով՝ ամեն ինչ էլ պակասում է. «Սեր, սեր է պակասում միմյանց նկատմամբ, սեր այս երկրի, հայրենիքի, ժողովրդի, միմյանց նկատմամբ, չեմ ասում՝ չկա սեր, բայց թող առաջանա, ինչքան շատ լինի, դրանից վնաս չկա»,- ասաց սրբազանը:
Հարցին՝ քրիստոնեությունը ի՞նչ կարող էր անել այդ ուղղությամբ, որ չարեց, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց՝ քրիստոնեության շնորհիվ է, որ այսքան էլ կանք, չլիներ քրիստոնեությունը՝ ավելի վատ էր լինելու:
Սրբազանը, անդրադառնալով տոնին, նշեց, որ այսօր երեկոյան ժողովուրդը գալու է՝ պատարագի մասակցի և լույս է տանելու. «Ժողովրդի մասնակցության առումով խնդիր չունենք, բայց գիտակցական որոշակի պակաս կա, մասնակցությունն ավելի շատ անգիտակցական է։ Պատաճառը խորհրդային 70 տարիներն էին, որից հետո դա որևէ բանով չփոխարինվեց»,- ասաց սրբազանը՝ ավելացնելով, որ անկախության 20 տարիները բավարար չեղան, բայց կարող էին լինել, եթե այդ ուղղությամբ աշխատանք տարվեր: Իսկ այս ուղղությամբ աշխատանք, նրա խոսքերով, բոլորը պետք է տանեին:











































