Սիրիայում առկա լարվածությունը պահպանվում է, և էական փոփոխություններ չեն նկատվում այդ երկրի ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմության գործելաոճում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում առկա լարվածությունը որոշակիորեն թուլացել է միայն միջազգային դիտորդների՝ այդ երկիր այցելելուց և դիտարկումներ կատարելուց հետո: «Եվ բնական է, որ վերջիններիս ներկայությամբ այդ երկրի քաղաքական ուժերը՝ և իշխանությունը, և ընդդիմությունը, ժամանակավոր զինադադար են վերցրել։ Այս պահին դիտորդները հայտարարում են, որ իրավիճակը Սիրիայում համեմատաբար կայուն է, սակայն անհրաժեշտ է սպասել նրանց վերջնական զեկույցին, քանի որ Սիրիայի տարածքում նրանք դժվար թե կտրուկ հայտարարություններ անեն»,- նկատեց արևելագետը:
Անդրադառնալով Իրանի առնչությամբ ստեղծված իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ երկրի շուրջը ծավալվող զարգացումները շարունակում են լուրջ մտահոգություններ հարուցել: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելացել են հրապարակումներն այն մասին, որ Իսրայելը և Արևմուտքը կարող են ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Դատելով Իրանի ռազմական հզորություններից և ֆինանասական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի ունեցած զգալի դժվարություններից՝ հատկապես այս պահին Իրանի դեմ պատերազմի սկիզբը քիչ հավանական եմ համարում, մանավանդ որ նույն Արևմուտքում քաջ գիտակցում են, որ նման գործողությունների հետևանքները խիստ անկանխատեսելի կլինեն բոլոր կողմերի համար էլ»,- ամփոփեց արևելագետը։











































