Մադրիդի երեք գլխավոր թանգարանները, որոնք ձևավորել են արվեստի ոսկե եռանկյունը, հաճախորդների թվով սահմանել են ներքին ռեկորդ:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, 2011 թվականին` երկրի համար դժվար տնտեսական պայմաններում, թանգարանների մշտական և ժամանակավոր ցուցանմուշները դիտելու է եկել աննախադեպ թվով մարդ:
Տարվա ընթացքում ամենաշատ այցելուներ է ունեցել Պրադոն` 2,98 միլիոն մարդ, 59 տոկոսը` օտարերկրացիներ (մեծամասնությունը` իտալացիներ, ամերիկացիներ և ֆրանսիացիներ): 2010 թվականի համեմատ աճը կազմել է 6,6 տոկոս:
Առավել մեծ աճ գրանցել է Թիսսեն-Բորնեմիս մասնավոր թանգարանը` 30,4 տոկոս: 2011 թվականի ընթացքում այն ունեցել է 1,7 միլիոն այցելու: Այս հաջողությունը պայմանավորված է Իսպանիայի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների մեծ քանակով, ինչպես նաև յոթ ժամանակավոր ցուցադրություններով: Դրանցից մեկը Անտոնիո Լոպեսին նվիրված ցուցադրությունն էր, որն ունեցել է 320 հազար այցելու:
Թագուհի Սոֆյայի արվեստի կենտրոնը` Մադրիդի ժամանակակից արվեստների գլխավոր թանգարանը, 2011 թվականին գրանցել է 2,7 միլիոն այցելու, աճը` 17 տոկոս:







































