Իսլամիստական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ նախնական համաձայնության է եկել Կատարի իշխանությունների հետ այս երկրում իր ներկայացուցչությունը բացելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը: Նրա խոսքերով՝ Դոհայի գրասենյակը կօգտագործվի Աֆղանստանում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցով բանակցություններ վարելու նպատակով:
«Մենք այս պահին պատրաստ ենք … ներկայացուցչություն ունենալ արտասահմանում միջազգային հանրության հետ փոխհամաձայնություն ապահովելու համար, և այդ հարցով մենք համաձայնության ենք եկել Կատարի հետ»,- հայտարարել է Մոջահեդը:
«Թալիբանը» նաև կոչ է արել Գուանտանամոյի բանտերից ազատ արձակել բանտարկյալներին, որոնք դատապարտվել են թալիբների հետ կապ ունենալու համար:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ ներկայացուցչությունը կբացվի Սաուդյան Արաբիայում կամ Թուրքիայում: