«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ն հույս է հայտնել, որ Պակիստանի հետ խաթարված հնարավորությունները հնարավոր կլինի արագ բարելավել՝ Աֆղանստանում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների մատակարարման ուղիները վերաբացելու նպատակով:
Դաշինքի խոսնակը երկուշաբթի օրը հայտնել է, որ մատակարարման ուղիների փակումը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես Պակիստանի, այնպես էլ Աֆղանստանի տնտեսությունների վրա:
Գործակալությունը հիշեցնում է, որ Պակիստանի իշխանություններն անցյալ տարվա նոյեմբերին դադարեցրել են դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղիների գործողությունը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի պատճառով Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանում Պակիստանի 24 զինծառայողի մահվան, և չի ընդունել ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքները, որոնց համաձայն այս պատահարը տեղի է ունեցել երկու կողմերի թույլ տված սխալների արդյունքում:







































