Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նոր պաշտոնի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ինֆորմացիա չուներ. «Ես չգիտեմ, թե Արմեն Հարությունյանը հիմա որտեղ է և ուր է գնալու, և ես չեմ կարծում, որ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ մասնագիտություն է: Կարծում եմ` ցանկացած դեպքում երկիրը ՄԻՊ կունենա, և որևէ դժվարություն թեկնածու գտնելու առումով չեմ տեսնում»:
Իսկ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը` Սահակյանը նշեց, որ դրանում որևէ վատ բան չի տեսնում և պետք չէ պեղել նրանց խոսակցության թեման: Գալուստ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանի բոլոր նախագահներն էլ պետք է ակտիվ մասնակցություն ունենան երկրի կյանքին, սակայն նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն այս պահին չի ցանկանում որևէ լուրջ ազդեցություն ունենալ ներքաղաքական իրավիճակի վրա, և նրա մոտեցումը իներտ է:
«Կարծում եմ` այդ հանդիպումը ի շահ Հայաստանի է եղել: Հնարավոր է, որ Ռ. Քոչարյանն է ցանկություն հայտնել հանդիպելու, կամ ինչու ոչ` նաև Պուտինը: Եվ եթե Քոչարյանը կարիք համարեր իրենց խոսակցության մանրամասները հայտնելու, ապա դա անպայման կաներ»,- մանրամասնեց Գալուստ Սահակյանը: