Երեկ Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում տղամարդկանց եւ կանանց մեր ակումբները ոչ-ոքի արդյունք արձանագրեցին:
Տղամարդկանց «Միկա-Երեւանը» մրցում էր չեխական «G-Team Novy Bor» թիմի հետ եւ անսպասելիորեն խաղն ավարտեց ոչ-ոքի: Մեր թիմում արդյունավետությամբ աչքի ընկավ Գաբրիել Սարգսյանը, որը հաղթեց իր մրցակցին: Հանդիպումներից չորսն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա մեր Օլիմպիական հավաքականի անդամ Արման Փաշիկյանն անսպասելիորեն զիջեց իր մրցակցին` Իրժի Ստոեկին, որը մեր գրոսմայստերից անհամեմատ ցածր վարկանիշ ունի: Մյուս առաջատար թիմերի խաղերում ռուսական «Economist-SGSEU-1»-ն վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանական «SOCAR Azerbaijan» թիմի նկատմամբ եւ այժմ զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այսօր մեր թիմը մրցում է «Economist-SGSEU-1»-ի հետ: Անհրաժեշտ է, որ մեր ակումբը հաղթի, քանի որ վաղը մրցաշարն ավարտվում է, իսկ մեր թիմը ռուսական թիմից հետ է մնում մեկ միավորով:
«Միկա-Երեւան» կանանց ակումբը երեկ ռուսական «AVS» թիմի հետ իր խաղն ավարտել է ոչ-ոքի եւ ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այսօր մեր թիմը մրցելու է Մոնակոն ներկայացնող եւ երկրորդ տեղում ընթացող «Cercle d’Echecs de Monte Carlo»-ի հետ, եւ մրցաշարային բարձր տեղ զբաղեցնելու համար այսօր անհրաժեշտ է հաղթել մրցակցին: