Ընթացիկ տարվա ամենակարևոր ձեռքբերումը, ըստ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, այն է, որ այս տարի վերջապես լուծվել է Երևանի մնջախաղի թատրոնի շենքի հարցը:
«Նշույլները երևում են, հնարավոր է, մենք հաջորդ տարի արդեն բարձրաձայն ասենք, որ լուծվել է մեևր թատրոնի տարածքի խնդիրը: Կարծես թե դա իրողություն է դառնում և տա Աստված, որ իրողություն դառնա»,- ուրախությամբ տեղեկացրեց Ժ. Դադասյանը` հավելելով, որ ներկայում ակտիորեն տարվում են աշխատանքներ Երևանի գլխավոր ճարտարապետ ՆարեկՍարգսյանի հետ:
«Հուսով եմ, որ մյուս տարի հենց տարեսկզբից բարձրաձայն կխոսենք այդ մասին ու կսկսվի նոր շենքի շինարարությունը. Նախագիծն արդեն պատրաստ է»,- նշեց նա` հավելելով, որ չի ցանկանում մանրամասնել, սակայն «շենքը լինելու է չափազանց գեղեցիկ մի բան ու ունենալու է հետաքրքիր անականկալներ, ինչը հատուկ է մնջախաղին»:
«Շենքը կլինի Երևանի ամենակենտրոնում` հենց այն պողոտայում, որը վաղուց եմ ասում` միայն այդ վայրում պետք է լինի Մնջախաղի թատրոնը»,- հավելեց նա:
Նրա խոսքով` թե իր ասածների քանի տոկոսը կիրականանա, այս պահին դժվար է ասել, սակայն կարծես ամեն ինչ դեպի լավն է գնում:
Հիշեցնենք, որ թատրոնը գործում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:









































