Նոր տարում՝ առաջիկա մի քանի ամիսներին, Հայաստանին բարդ ժամանակաշրջան է սպասվում, և նման պարագայում կարևորն այն է, որ 2012-ին արդար ընտրություններ անցկացնելու համար կարողանանք երկրի ներսում իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուս ձևավորել: «Առաջին լրատվական»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ սա իր ամանորյա ամենամեծ ցանկությունն է:
«Շատ կարևոր է, որ մենք մեր ներսում թշնամիներ չփնտրենք, որպեսզի մեր հասարակությունը երբևէ չբաժանվի թշնամական ճամբարների, իրար հանդեպ ատելությամբ լցված հատվածների, ինչպես դա եղավ 2008 թվականին: Դա ուղղակի անթույլատրելի է, դա ուղղակի երկիրը կտանի կործանման: Այստեղ մեր բոլորի կամքն է անհրաժեշտ, և այդ կամքը պետք է ոչ թե դեկլարացիոն բնույթ կրի, հաստատվի հայտարարություններ անելով, այլ պիտի դրսևորվի գործնականում:
Հնարավոր է՝ իշխանությունն ու ընդդիմությունը երկրի զարգացման ապագայի, նպատակների առաջնայնության վերաբերյալ տարակարծություններ ունենան և ունեն, բայց մի հարցում մենք չպետք է տարակարծություններ ունենանք. դա այն է, որ պետք է ամեն բան անել, որպեսզի առաջիկա ընտրությունները առանց բախումների անցնեն: Բավական է, որ առաջիկա համապետական ընտրությունները չանցնեն հավուր պատշաճի, և միջազգային կառույցներում ձևավորված Հայաստանի դրական իմիջն անմիջապես կխորտակվի. դրանում մեկ րոպե անգամ չպետք է կասկածել»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:









































