Հյուսիսային Արիզոնայում ապրող զույգը ձերբակալվել է երեխաների նկատմամբ բռնության մեղադրանքով այն բանից հետո, երբ Facebook սոցիալական կայքում տեղադրել է իրենց երեխաների նկարները, որտեղ նրանք կապված են պարաններով:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 2 տարեկան և 10 ամսական երեխաների ոտքերն ու ձեռքերը կապված են եղել, և փակված են եղել նրանց բերանները: Իսկ երեխաներից մեկն անգամ կախված է եղել գլխիվայր:
Զույգին ճանաչողներից մեկը նկարները կայքում տեսնելով՝ այդ մասին հայտնել է Արիզոնայի ոստիկանություն, և Ֆրենքի և Կայլա Ալումիանները ձերբակալվել են: Նրանք հայտնել են, թե կատակ են արել, բայց, ինչպես հայտնում է ոստիկանությունը, նկարներում պարզ երևում է, որ երեխաները սարսափած տեսք ունեն:
KSAZ լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեխաներն այժմ գտնվում են բարեկամների խնամակալության տակ:








































