Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ անհանգստացած է գիտական հայտնագործությամբ, որի արդյունքում թռչնի գրիպի H5N1 վիրուսի՝ համաճարակ առաջացնող մահացու տարբերակն է ստեղծվել, որը կարող է էական վտանգներ ներկայացնել, և որը դժվար է ղեկավարել:
Ինչպես գրում է Reuters-ը, ՄԱԿ-ի առողջապահական մարմինը հայտնել է, որ «չափազանց անհանգստացած է հայտնագործության հնարավոր բացասական հետևանքներով», որի պատճառով կարող են համաճարակներ սկսվել:
Հիշեցնենք, որ հայտնագործությունը կատարել էին Նիդեռլանդների և ԱՄՆ-ի գիտնականները: ԱՄՆ անվտանգության ծառայություններն արդեն հայտնել են իրենց անհանգստությունը հետազոտության արդյունքների հրապարակման վերաբերյալ, քանի որ մտավախություն կա, որ հայտնագործության արդյունքների հրապարակման պատճառով վիրուսի նոր տարբերակը կարող է օգտագործվել ահաբեկչական նպատակներով: