Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ:
Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ներդրումների խթանմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումը`առանձնացնելով քաղաքաշինական ծրագրերի ապակենտրոնացումը և քաղաքի համաչափ զարգացումը:
«Քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Բակերի բարեկարգումից սկսած մինչև ենթակառուցվածքների զարգացում պահանջում հետևողական աշխատանք: Ես ողջունում եմ համագործակցության ցանկացած առաջարկ, որն ուղղված է քաղաքի բարեկարգմանը»>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարարներին դիտում է որպես գործընկերների և ակնկալում է համագործակցությունը կառուցել գործընկերային հարաբերությունների հիմքի վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`գործարարները պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում իրենց կողմից ծրագիր ներկայացնել և համագործակցության եզրեր քննարկել քաղաքի բարեկարգման ու զարգացման ծրագրերի հետ կապված:
Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի դռները բաց են կառուցողական համակգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:








































