Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին և երկրորդ ընթերցմամբ հաստատեց Քրեական օրենսգրքում ուղղումներ մտցնելը, որոնք առնչվում են քաղաքական կաշառակերության դեպքերում սահմանված պատժամիջոցի խստացմանը։
Այդ ուղղումների համաձայն՝ քաղաքական նկատառումներով կաշառք առաջարկելը, խոստանալը, տրամադրելը, գումար, արժեթղթեր և այլ ունեցվածք հատկացնելը, ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունք տրամադրելը, տարբեր տիպի արտոնություններ տալը, նմանատիպ բաների պահանջումն ու ստացումը և այլն կպատժվեն մինչև 3 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով։
Վրացական ընդդիմությունը քննադատել է այդ ուղղումների ընդունումը՝ դրանք որակելով որպես «մշուշոտ»։ Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծում են, որ այդ «մշուշը» մանևրելու լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է նկատի առնվում «քաղաքական նկատառումներով» ձևակերպման տակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գիյա Տորտլաձեն Ռուսաստանին մեղադրել էր Վրաստանում ներքին անկայունություն առաջացնելու մեջ՝ ընդգծելով, որ ռուսական «Գազպրոմ»-ը և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը այդ նպատակով ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ու նրա գործընկերների միջոցով խոշոր գումարներ են ուղարկում։
Իվանիշվիլին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր քաղաքական գործընկերներին հատկացրել է 670,000 դոլար։ Խոսքը «Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, ինչպես նաև պահպանողականներին ու «Ժողովրդի կուսակցությանը» ֆինանսավորելու մասին է։









































