Կահիրեում՝ Ոստիկանության ակադեմիայի շենքում, 100 օր տևած ընդմիջումից հետո այսօր վերսկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, ՆԳ նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիի և ոստիկանության 6 բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը, որոնք մեղադրվում են տարվա սկզբին խաղաղ ցուցարարների վրա կրակելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկու կողմերի փաստաբանները խոստացել են իրենց պաշտպանյալների օգտին ներկայացնել նոր ապացույցներ: Ավելի վաղ Մուբարաքի փաստաբանը հայտարարել էր, որ իր տրամադրության տակ ունի նրա անմեղությունն ապացուցող փաստաթղթեր:
Դատական հերթական նիստը կընթանա անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում: Դատավարությունը կվարի, ինչպես նախկինում, դատավոր Ահմեդ Ռիֆաաթը:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվար-փետրվարին Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ ցույցերի ժամանակ զոհվել է 850 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են:









































