ՀՔԾ հրապարակած հաղորդումը խայտառակություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մարտիմեկյան զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը` խոսելով ՀՔԾ հաղորդման մասին:
«Մենք շատ վրդովված ենք այդ զեկույցի հրապարակումից: Էականը, որ ինձ վրդովեցրել է, այն է, որ նորից ժամը կեղծել են, որպեսզի ասեն, թե այն վայրում, որտեղ սպանվել է, եղել է ավելի երկար, քանի որ անկարգությունների է մասնակցել: Դա ժամը 8-ի սահմաններում է»,- նշեց Ա. Հովհաննիսյանը`հավելելով, որ միջնորդություն է ներկայացնելու ժամային ճշտումներ կատարելու համար:
Նա հավելեց, որ արտասահմանյան բոլոր փորձագետներին, համազեկուցողներին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է իր տղայի պատմությունը`ցույց տալով նրա բջջային հեռախոսը: «Ցույց եմ տվել, որ իմ երեխան ժամը 21.20 րոպե Մյասնիկյանի արձանի մոտ նկարահանում է կատարել, դրանից հետո շտապօգնության մեքենան իրեն տարել է սպանված վիճակում Լեոյի խաչմերուկից: Կես ժամում ի՞նչ է կատարվել՝ ես չգիտեմ, ի՞նչն է եղել պատճառը: Իրենց համար հեռախոսն ապացույց չէ՞: Ինչպե՞ս այդ նկարահանումը իրենք չեն տեսել: Նրանց նպատակն այն է, որ ներկայացնեն, թե այս մարդիկ գնացել են անկարգություն իրականացնելու նպատակով»,- ցավով նշեց Տիգրան Խաչատրյանի մայրը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդումը՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ:








































