Երևանի Շենգավիթ համայնքում կամ բռնաբարում են, կամ ինքնակամ բռնաբարվելու (բռնաբարելու) պատճառով վիճում մրցակցի կամ ոստիկանի հետ, հետո էլ խուլիգանության կամ ծեծի հոդվածով դատվում: Հետաքրքիր է, որ նման հանցագործությունները մեծ մասամբ կատարվում են հատկապես մարմնավաճառների կայանատեղի համարվող Բագրատունյաց և այն հատող փողոցներում, և կատարվում են ոչ միայն փողոցում, այլ նաև բնակարաններում` նախկին կանանց ու ընկերուհիների նկատմամբ:
«Առաջին լրատվական»-ը ավելի վաղ տեղեկացրել էր մարմնավաճառությամբ և պոռնկությամբ զբաղվող Գյուլիզարի մասին, որը «Նաիրի» մարզադաշտի պատերի տակ դիմադրություն էր ցույց տվել իր գործունեությունը արգելող ոստիկանին և որպես պատիժ` դատարանի որոշմամբ մի քանի հարյուր հազար դրամի տուգանք ստացել:
Այժմ անդրադառնանք մի քանի թարմ դեպքերի: Որպես կանոն, միջադեպերը կատարվել են գիշերը, դեպքի վայրն էլ նույնն է: 40-ամյա նոր-խարբերդցի Նարինե Գրիգորյանը, չգիտես ինչ կարևոր գործով, 2011թ. օգոստոսի 24-ին, ժամը 02.30-ին, գտնվել է Շենգավիթի Բագրատունյաց փողոցի 10 շենքի մոտ: Չգիտենք, թե ինչ կարևոր և անհետաձգելի գործով նույն օրը, նույն ժամին այնտեղ է գտնվել նաև Լիլիթ Կարապետյանը: Որ նրանք ինչ-որ բան չեն կարողացել կիսել` հաստատ է. նրանց միջև անձնական հարցերի շուրջ վեճ է առաջացել, որի ընթացքում Նարինե Գրիգորյանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով դիտավորյալ հարվածել է Լիլիթ Կարապետյանի գոտկատեղի ձախ հատվածին` առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Այժմ Նարինե Գրիգորյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 113 հոդվածով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելու համար. այն վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի, կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով… պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: Թե կոնկրետ Լիլիթ Կարապետյանը մասնագիտական աշխատունակության ինչ աստիճանի կորուստ կամ վնաս է կրել, հայտնի կդառնա դատաքննության ընթացքում, բայց մեղադրյալին ստորագրությամբ բաց են թողել:
Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել դրանից ամիսներ առաջ` ապրիլի 22-ին, Բագրատունյաց 6 հասցեում գտնվող շենքի մոտ, բայց այս անգամ խուլիգանության մասնակիցները արական սեռի ներկայացուցիչներ էին. 39-ամյա Ալեքսան Տարախչյանը (ով տեղի բնակիչ է) ապրիլի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցի 6 շենքի դիմաց անձնական դրդապատճառներով վիճել էր Տիգրան Անդրանիկի Գրիգորյանի հետ, որի ընթացքում դանակով հարվածներ էր հասցրել նրան` առողջությանը պատճառելով կրծքավանդակի վերքի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի և բարակ աղու վնասման ձևով ծանր` կյանքին վտանգ սպառնացող վնաս: Ալեքսան Տարախչյանը կալանավորվել է, սակայն խուլիգանություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Տիգրան Գրիգորյանը:
Վերջինս նույն օրը, ավելի վաղ` ժամը 16.00-ի սահմաններում, 7-8 անհայտ անձանց հետ միասին նույն փողոցի 1-ին նրբանցքի 11 շենքի մոտ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, խանգարել բնակիչների անդորրը, վիճաբանել և խուլիգանական հայհոյանքներ է տվել Ալեքսանի 15-ամյա որդու` Էրիկ Տարախչյանի և նրա 17-ամյա ընկեր Արայիկ Թովմասյանի հասցեին: Այդ ընթացքում Տ. Գրիգորյանը բռունցքներով հարվածել է Ա.Թովմասյանի դեմքին, նրա առողջությանը պատճառել վերին ծնոտի աջ և ձախ կեսերի 1-ին ատամների մասնակի կտրվածքների ձևով առողջության կարճատև քայքայմամբ թեթև վնաս, ապա մյուսների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են Էրիկի գլխի և մարմնի այլ մասերին` նրա առողջությանը պատճառելով աջ աչքի ստորին կոպի, ձախ քունքային շրջանի արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ և հեռացել միայն նույն թաղամասի բնակիչների ու Է. Տարախչյանի հարազատների միջամտությունից հետո:
Համբարձում Ղ.-ն էլ այս տարվա սեպտեմբերի 10-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ բռնաբարել էր նախկին կնոջը` Աշխենին: Վերջինիս բռնացրել էր խոհանոցում ու հենց խոհանոցային դանակի սպառնալիքի տակ, բռնությամբ և մարմնական վնասվածքներ հասցնելով, հենց խոհանոցի հատակին էլ բռնաբարել էր:
Հովհաննես Ալեքսանյանի տրամադրությունն էլ 2011թ. օգոստոսի 14-ի գիշերն էր «լավ եղել», և նա որոշել էր այցելել Չեխովի փողոցի շենքերից մեկում ապրող նախկին ընկերուհուն և իր ցանկությունները բարձրաձայն արտահայտել` ի լուր շենքի բնակիչների: Դա արել էր բակից` գիշերվա ժամը 02.30-ից մինչև առավոտյան 7-ը: Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` 4,5 ժամ շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել իր նախկին ընկերուհի Հերիքնազի հասցեին, քարերով «ռմբակոծել» և կոտրել նրա բնակարանի փակ պատշգամբի և ննջասենյակի պատուհանների ապակիները: 30-ամյա Հովհաննեսը կդատվի խուլիգանության համար:
Այլ կերպ ասած` խուլիգանությունը, ծեծը, մարմնավաճառությամբ զբաղվելը կարծես այս համայնքին բնորոշ հանցատեսակներ են:










































