Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբաններն իրենց տրամադրության տակ ունեն Մուբարաքի անմեղությունը հաստատող փաստաթղթեր: Այս մասին հայտարարել է նախկին նախագահի պաշտպանության ներկայացուցիչ Յուսրի աբդ Ալ-Ռազզակը:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փաստաբանը նշել է, որ Կահիրեի կենտրոնում՝ ՆԳՆ և նախարարների խորհրդի շենքերի մոտ, տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնց զոհ գնացին տասնյակ մարդիկ, կազմակերպվել են նույն սխեմայով և նույն ուժերի կողմից, ինչ տարվա սկզբին տեղի ունեցած անկարգությունները:
Նրա խոսքերով՝ անկարգություններին մասնակից են «ինչպես եգիպտական, այնպես էլ արտաքին ուժեր»:
«Ինչպես Եգիպտոսից, այնպես էլ արտասահմանյան աղբյուրներից մեր ստացած տեղեկությունները վկայում են, որ եգիպտական ուժերը օտարերկրյա ուժերի հետ իրականացրել են նախօրոք մտածված ծրագիր՝ Facebook ցանցի օգնությամբ»,- ասել է Աբդ Ալ-Ռազզակը Al-Sharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում:
Նա մասնավորապես պարզաբանել է, որ ոստիկանական բաժանմունքների, բանտերի վրա հարձակումները, ոստիկանական և հրշեջ մեքենաների առևանգումները, որոնք հետո ճզմում էին ցուցարարներին, իրականցվել են լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման, եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմապերպության և պաղեստինյան «Իզեդդին Ալ-Կասսամի ջոկատներ» ռազմականացված խմբավորման հրամանով:
Ընդ որում, 2011 թ. հունվար-փետրվարին և նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններում օգտագործվել է անկարգություններ հրահրելու նույն մեթոդը և միևնույն զենքը:
Այսպիսով, Մուբարաքի փաստաբանները համոզված են, որ Եգիպտոսի ղեկավարությունը ուղղակի առնչություն չունի տարվա սկզբին Ժողովրդական հուզումների ժամանակ մարդկային զոհերի հետ:
Չորեքշաբթի գրեթե 3 ամիս տևած ընդմիջումից հետո Եգիպտոսում կվերսկսվի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է տարվա սկզբին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մեջ:
Եգիպտոսում հեղափոխության օրերին զոհվել է շուրջ 850 մարդ, մի քանի հազար մարդ վիրավորվել են:








































