Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ) նախագիծ է մշակում էլեկտրոնային միջավայրում բջջային հեռախոսների միջոցով նույնականացում իրականացնելու համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԷԿԵՆԳ-ի տնօրեն Արթուր Ղուլյանը, քաղաքացիներին հնարավորություն կտրվի տարբեր համակարգեր մուտք գործել՝ օգտագործելով բջջային հեռախոսը, որոշ գործարքների վրա դնել էլեկտրոնային ստորագրություն, տարբեր գործողություններ իրականացնել և այլն:
«Այսինքն՝ Ձեր նույնականացումն է էլեկտրոնային միջավայրում, բայց բջջային հեռախոսների միջոցով»,- նշեց նա:
Ա. Ղուլյանը հայտնեց, որ դեռ հստակ չի ծրագրվել, թե երբ պատրաստ կլինի նախագիծը, աշխատանք է տարվում նաև բջջային օպերատորների հետ, դա նաև այլ ենթակառուցվածքներ է նախատեսում՝ հավաստագրման կենտրոնի ստեղծում, որը սկսվել է, և նույնականացման քարտերի ներդրում, որ քաղաքացիներին շուտով կտրամադրվի, կարող է նաև օրենսդրական փոփոխությունների կարիք լինի:
Հիշեցնենք, որ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012 թ. առաջին եռամսյակից սկսած:










































