Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթի անունը լինելու է 2012 թվականի ամենատարածված բառը համաշխարհային անգլիալեզու ԶԼՄ-ներում: Այդպիսի կանխատեսում են արել Global Language Monitor ընկերության ներկայացուցիչները, որոնք մասնագիտացած են աշխարհի տարբեր լեզուների, հատկապես անգլերենի վերլուծության և ուսումնասիրության գործում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Փորձագետների կարծիքով, Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, որը մեծ ճանաչում ստացավ Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան հետ ամուսնանալուց հետո, լինելու է 2012 թվականի գլխավոր մեդիա-անձը: Շատ է խոսվելու Քեյթի հղիության, ինչպես նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերում որպես դեսպան հանդես գալու մասին:
Բացի այդ, «2012 թվականի հավանական քննարկվող թեմաներից կլինի Չինաստանի կողմից տրամադրվող ֆինանսական օգնությունը, մայաների օրացույցով «աշխարհի վերջը», Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի բացումը և եվրոյի գոտին:
2003 թվականին հիմնադրված Global Language Monitor ընկերությունը հատուկ համակարգչային ալգորիթմի օգնությամբ ամեն տարի կազմում է «այն բառերի վարկանիշը, որոնք գերակշռելու են մարդկանց մտքում»: Ընկերությունը հետևում է դրանց կիրառմանը 75 հազար տպագիր և էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև բլոգներում և սոցիալական ցանցերում:







































