Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը նախաձեռնել և մինչև Ամանոր շարունակելու է մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել է անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Բժիշկների կողմից իրականացվում է համալիր բուժզննություն: Առողջական խնդիրներ ունեցողներին կմատուցվեն բժշկական համապատասխան ծառայություններ:
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման և այլ հաստատություններ տեղափոխման հարցը:
«Գնահատելով խնդրի կարևորությունն ու հաշվի առնելով վերջին շրջանում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ անդրադարձերը՝ մենք հուսով ենք, որ կառավարությունը կցուցաբերի համապատասխան աջակցություն և մեր գործընկերոջ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել ծրագրի շարունակականությունը»,- նշել է վարչության պետը:










































