Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր քաղաքական գործընկերներին հատկացրել է 670,000 դոլար։ Խոսքը «Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, ինչպես նաև պահպանողականներին ու «Ժողովրդի կուսակցությանը» ֆինանսավորելու մասին է։
Ընդհանուր առմամբ, այդ կուսակցություններին Իվանիշվիլին հատկացրել է 1.1 միլիոն լարի (գրեթե 670,000 դոլար)։ Այս մասին տեղեկատվությունը Վրաստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին։ Վերջինս էլ դա, որպես պատգամավորական հարցում, ուղարկելու է իրավապահներին։
Նշվում է, որ իրավաբանական անձինք իրավունք չունեն կուսակցություններին փոխանցելու 100,000 լարիից ավելի գումար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գիյա Տորտլաձեն Ռուսաստանին մեղադրել էր Վրաստանում ներքին անկայունություն առաջացնելու մեջ՝ ընդգծելով, որ ռուսական «Գազպրոմ»-ը և «Անվտանգության դաշնային ծառայությունը» այդ նպատակով Իվանիշվիլիի ու նրա գործընկերների միջոցով խոշոր գումարներ են ուղարկում։










































