7 տարի առաջ Ինդոնեզիայում տեղի ունեցած ուժեղ ցունամիից հետո կորած աղջիկը տուն է վերադարձել: Մինչ այժմ 15-ամյա Վատիի հարազատները նրան մահացած էին համարում:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, աղջիկը հայտնվել է Ինդոնեզիայի Աչեխ մարզի Մեուլաբո քաղաքում: Նա լուռ նստել է տեղի սրճարաններից մեկում, մինչև նրա վրա ուշադրություն են դարձրել: Վատին պատմել է, որ փնտրում է իր հարազատներին, սակայն կարողացել է հիշել միայն պապի անունը:
Տեսնելով թոռանը՝ պապն անմիջապես կապվել է աղջկա ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին ճանաչել են նրան ժառանգական խալով և արմունկի սպիով:
Աղջկա մայրը պատմել է, որ ցունամիի ժամանակ ինքը փորձել է փրկվել երեխաների հետ, սակայն ալիքը քշել է Վատիին: Աղջիկը պնդում է, որ իրեն որդեգրել է մի կին, սակայն տանիք ստանալու համար ինքը ստիպված է եղել ողորմություն խնդրել: Ի վերջո, կինն ազատ է արձակել իր գերուն, իսկ բարեհոգի տաքսու վարորդը համաձայնել է նրան հայրենիք հասցնել:











































