Ապագան իմանալու համար մարդիկ հաճախ են դիմում գուշակների օգնությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը շեշտեց, որ իրենց ապագան ուզում են իմանալ հատկապես կանայք, սոցիալապես անապահով և թուլացած խմբերը: Իրական գուշակության երևույթները խիստ հազվադեպ են, իսկ այն ինչ կատարվում է այսօր գուշակության ոլորտում, գրեթե ամբողջությամբ կեղծիք է:
Տեր Նիկողայոս քահանան նշեց, որ մարդիկ հատկապես հավատում են թուղթ ու գիր երևույթին: Նա խորհուրդ տվեց նման թղթերի հանդիպելիս չդիմել որևէ թուղթ ու գիր բացողի, եթե մարդը կարողանում է թուղթ ու գիր բացել, նույն հաջողությամբ կարող է նաև թուղթ ու գիր անել: Անհրաժեշտ է դիմել եկեղեցուն. տնօրհնեքի արարողությունը ամենաճիշտն է նման դեպքերում:
Հոգեբանն էլ իր հերթին ասաց, որ մարդու կյանքում մեծ տեղ ունի ներշնչանքը: Եթե մարդը տրամադրված է ինչ-որ բան անելու՝ անպայման կանի:
Աստվածաբանական տեսանկյունից՝ Աստված մարդուն ստեղծել է ազատ, նա է իր ուղին գծողը, հետևաբար գուշակներին դիմելը սեփական ուղու փոփոխության է հանգեցնում: Եթե մարդ չհավատա գուշակներին, ոչ մի թուղթ ու գիր կամ կանխատեսված վատ ապագա չի ազդի նրա կյանքի ընթացքի վրա:
Վերջում Տեր Նկիողայոսը խորհուրդ տվեց ապավինել միայն Աստծուն, իսկ հոգեբան Խուդոյանը դիմեց գուշակներին, որ մարդկանց համար միայն լավ բաներ գուշակեն՝ չնայած, ըստ նրա, գուշակությունը հիմարություն է:








































