«Տարին մեզ համար եղավ գյուղացու մոտ վստահության վերականգնման տարի»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անցնող տարին այսպես բնութագրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` այս տարին «ստարտային» էր, որը նախապայմաններ ստեղծեց հաջորդ տարվա «կայուն զարգացման» համար:
Ըստ Ս. Կարապետյանի` խնդիր է դրված մինչև 2020 թ. ապահովել էներգետիկ արժեքով երկրի պահանջի 60%-ը: Ազգային վիճակա¬գրական ծառայության տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտա¬դրան¬քը ընթացիկ տարվա հուն¬վար-նոյեմբերին կազմել է 772.9 մլրդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` գյուղատնտեսությունում նշված ժամա¬նակահատվածում, նախորդ տարվա համեմատ, համախառն արտա¬դրանքի աճը կազմում է շուրջ 14.0 տոկոս:
Տարվա ամենագլխավոր ձեռքբերումը խաղողի մթերումն էր. ըստ նախարարի` մնացել է ընդամենը երկու կազմակերպություն, որոնք դեռ չեն վճարել գյուղացիներին:
Ամենակարևոր խնդիրը, ըստ նախարարի, գյուղտեխնիկայի պակասն ու առկա պարկի մաշվածությունն է: Տարվա ընթացքում կես գնով 61 տրակտորներ են տրվել գյուղացիներին: Հաջորդ տարի գործընթացը շարունակվելու է, սակայն գյուղացիներին տեխնիկայով ապահովելու գլոբալ ծրագիր է մշակվում: Որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, նախարարությունն աշխատում է ռուսական ընկերությունների հետ: Հունվարին սպասվում է Ռուսաստանի փոխվարչապետ Զուբկովի այցելությունը ՀՀ, որի ժամանակ պայմանավորվածությունները կհստակեցվեն:
«Գյուղատնտեսության ոլորտն առանց արտահանումների չի լինի: Գյուղացուն չենք կարող արգելել, որ իր արտադրանքն արտահանի»,- ասաց նախարարը` նշելով, որ ներկայում էլ շարունակվում է խաղողի և որոշ տեսակի բանջարեղենի արտահանումը, իսկ կաղամբի արտահանումը կսկսվի հունվարից: Արտահանման գործընթացի հաջող կազմակերպմանը, ինչպես հավաստեց Ս.Կարապետյանը, նպաստել է նաև Զվարթնոցի տարածքում սառնարանային տնտեսության ստեղծումը:
«Կոոպերացիաների ստեղծման ծրագրով նախատեսվածից մի քիչ առաջ ենք: Հայեցակարգ պետք է մշակվի, որը հաջորդ տարվանից պետք է օրենքի ուժ ստանա»,- նշեց Ս. Կարապետյանը` հավելելով, որ ոչ միայն անասնապահության, այլև բուսաբուծության ոլորտում պետք է ստեղծվեն կոոպերացիաներ:
Հարցին՝ ինչո՞ւ գնանկում չի նկատվում, եթե բերքի հավելում կա, Ս. Կարապետյանը պատասխանեց. «Եկեք ավելի շատ խոսենք այն մասին, որ գնաճ չլինի, քան` թե ինչու գնանկում չկա: Այս տարի գների կտրուկ աճ չկա: Շուկան ապահովված է բանջարեղենով, մսով, մթերքով»:












































