Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները այս տարի համալրվեցին մեծ թվով նորագույն սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի առաջարկով ստեղծված եռամյա ծրագրի շրջանակներում: Ըստ այդ ծրագրի` յուրաքանչյուր տարի մոտ կես միլիոնի դոլարի գնումներ պետք է կատարվեն ամբողջական լաբորատորիաների ձեռք բերման կամ եղած լաբորատորիաների վերազինման նպատակով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը վաղուց կարիք ուներ այս սարքավորումների` գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար: Այդ սարքավորումները նշված բնագավառումներում ամենաարդիական, ամենաժամանակակից սարքավորումներն են, որոնք ձեռք են բերվել աշխարհահռչակ և այդ ասպարեզում մասնագիտացված երկրներից` Ռուսաստանից,Միացյալ թագավորությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից և այլ երկրներից: