ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Ի. Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, ՀՀ նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել:
Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ս. Սարգսյանին ջերմ խոսքերի և գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ և հույն ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կշարունակվի և հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը: