Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը մեկնարկում են Իրանի ռազմածովային ուժերի «Վելայաթ 90» անվանումով զորավարժությունները։ Այս մասին հայտարարել է ծովակալ Հաբիբուլա Սայարին։
Վերջինիս խոսքերով՝ զորավարժություններն իրենցում ընդգրկելու են Հորմուզի նեղուցի արևելյան ջրատարածությունը և Ադենի ծոցը՝ մինչև Հնդկական օվկիանոս, և տևելու են 10 օր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Իրանն այդ զորավարժությունների ժամանակ դիտարկելու է Հորմուզի նեղուցի փակման տարբերակները։ Իսկ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Գոլամ Ռեզա Խադեմ Բիգամը հայտարարել էր, որ «Վելայաթ 90» լայնամասշտաբ ռազմածովային զորավարժությունների ժամանակ օգտագործվելու է տեղական արտադրության նոր բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքավորում, և որ այս զորավարժություններն իրենց նախորդներից տարբերվելու են իրենց մասշտաբով, ռազմական տեխնիկայի լայն կիրառմամբ և մարտավարական նոր մանևրներով։










































