Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Վոն Սեյ Հունը հանդես է եկել խորհրդարանի առաջ՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի իշխնաությունները թաքցրել են Կիմ Չեն Իրի մահվան իրական հանգամանքները: Այս մասին հաղորդում է բրիտանական Times պարբերականը: Նշենք, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ Կիմ Չեն Իրը մահացել է սրտի կաթվածից իր անձնական զրահագնացքում՝ երկրում ճանապարհորդելիս:
Սակայն հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Կիմ Չեն Իրի անձնական գնացքը եղել է Պխենյանում ինչպես «մեծ ղեկավարի» մահից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այս մասին Վոն Սեյ Հունը հայտնել է՝ հիմնվելով ամերիկյան լրտես-արբանյակների կատարած լուսանկարների վրա, և ավելացրել, որ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Իրը մահացել է իր տանը: Նա նաև չի բացառել, որ բռնապետը, հնարավոր է, դավադրության զոհ է դարձել և սպանվել իր մերձավորներից մեկի կողմից:











































