Երեկ Սիրիայում կառավարական ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներում, տարբեր տվյալներով, զոհվել է 56-121 մարդ:
Այսպես՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնի» տվյալները, նշում է, որ երեքշաբթի Իդլիբ մարզում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 56 մարդ: Մյուս կողմից՝ ականատեսները վկայում են, որ մարզում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո տեղի հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 121 մարմին:
France Presse-ի տեղեկություններով՝ զոհերի թիվը 111 է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Իդլիբ մարզում սպանվել և պատանդ են վերցվել տասնյակ ապստամբներ և ահաբեկիչներ այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ջոկատները նրանց շրջափակման մեջ են գցել Ջեբել Ալ-Զաուիա լեռնային շրջանում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:
Սիրիայում կառավարական ուժերի և ցուցարարների միջև բախումները շարունակվում են 2011 թ. մարտի կեսերից: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է 5000 մարդ:











































