Դեկտեմբերի 21-ին` ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Նիսան» մակնիշի 045 ՕՕ 62 պետհամարանիշի մարդատար (պատկանում է «Բոնակուա» ՓԲԸ-ին) և «ԶԻԼ» մակնիշի 705 ՕՕ 62 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից «Նիսան» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորներ` 1955թ. ծնված Գոհար Դիլանյանը, 1986թ. ծնված Ջանիկ Կարապետյանը, 1976թ. ծնված Հայկ Ավետիսյանը և 1942 թ. ծնված Վասակ Փուրթոյանը տեղափոխվել են «Միքայելյանի անվան վիրաբուժական կլինիկա» բժշկական կենտրոն, 1980թ. ծնված Անդրեյ Խաչատրյանը և 1986թ. ծնված Խաչատուր Մարգարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փրկարարները և հրշեջ-փրկարարները «Նիսան» մակնիշի միկրոավտոբուսից դուրս են բերել, ապա շտապօգնության բրիգադի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել վարորդ` 1956 թ. ծնված Հրաչյա Այդինյանին և ուղևոր`1975թ. ծնված Աշոտ Հարությունյանին:







































