Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվները դեկտեմբերի 9-ին համագործակցության պայմանագիր են կնքել, համաձայն որի` հայկական կողմն այսուհետ կարող է այնտեղից վճարման սկզբունքով իրեն անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Վրացական կողմի հետ համագործակցությունը մինչ այժմ կարծես չէր ստացվում, սակայն այս պայմանագրի հիման վրա մենք արդեն իսկ 739 էջ փաստաթուղթ ենք ընտրել և պետբյուջեից այդ նպատակով հատկացված գումարով պատրաստվում ենք գնել դրանք: Այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին հայ բնակչության՝ Ղարաբաղից էթնիկ տեղաշարժերին: Համագործակցություն ծավալում ենք նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի և աշխարհի մի շարք այլ երկրների ազգային արխիվների հետ»,- նկատեց Վիրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2011 թվականի ընթացքում իրենց դիմել և գոհ հեռացել են 25 հազար քաղաքացիներ: «Ինչ վերաբերում է տարվա ընթացքում ծավալած մեր գործունեությանը, ապա անցնող տարում վերջապես կարողացանք թվայնացման 2 բարձրակարգ սարք գնել: Արխիվում պահվող կինոնկարների թվայնացումը գրեթե ավարտում ենք, լուսանկարներինը` ևս, սակայն փաստաթղթերի մասով անելիքներ դեռևս շատ կան: Բացի այդ, մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ 2015 թվականը, նախատեսում ենք նաև թուրքերենով գրքեր հրատարակել»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը:









































