«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:
– Պարոն Կարապետյան, ընթացիկ տարվա վերջին գլխավոր ինտրիգը և իրադարձությունը Ռուսաստանում կայացած ընտրություններն էին և այն արդյունքը, որը բոլորիս անակնկալի բերեց: Պնդումները, թե այդ երկրում փոփոխությունները գրեթե անհնար են, և լճացած վիճակը պետք է շարունակվի, չիրականացան: Հասարակությունը ոտքի կանգնեց` ցույց տալով, որ համաձայն չէ տիրող իրավիճակին, իսկ դրան հաջորդած հանրահավաքը իսկապես աննախադեպ էր. ինչպես Պարֆյոնովը նշեց` վերջին քսան տարիներին այդպիսի հանրահավաք Մոսկվայում չէր եղել: Ռուսաստանն ընդունա՞կ է արդյոք համապետական այս ընտրությունից հետո խաղի նոր կանոններով և առանց մեծ կորուստների գնալ նախագահական ընտրությունների:
– Պարֆյոնովը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև 93-ին ես ինքս եմ տեսել այն հանրահավաքները, որոնց մասնակիցները ցանկանում էին ազատագրել Սպիտակ տունը, այնտեղ ավելի շատ ժողովուրդ էր հավաքված, և ամեն ինչ ավարտվեց արյամբ: Միգուցե Բոլոտնայա հրապարակում հավաքված ազատական մտածելակերպի մարդկանց համար նորություն էր այդքան մարդկանց ներկայությունը: Տարվա կտրվածքով գլխավոր ինտրիգը այդ ընտրություններն էին: Ռուսաստանում ուղղակի գահավիժեց «Եդինայա Ռոսիան»` մոտավորապես 14 տոկոսով: Հետաքրքիրն այն չէ, որ գահավիժեց (դա մենք կանխատեսել էինք), հետաքրքիրն այն էր, որ դա ֆիքսվեց` ի տարբերություն Հայաստանի, երբ ամեն ինչ թեև գահավիժում է, բայց ֆիքսվում է այն, ինչ իշխանությունն է ցանկանում: Ռուսաստանում Պուտինը ուղիղ պատասխանեց տրված հարցին. երկրի ռեալ իրավիճակը այսպիսին է, իշխանությունը կորցնում է ձայներ, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը մեծացնում են իրենց ներկայությունը: Իսկապես` իրավիճակն այնտեղ այդպիսին է: Ես կարծում եմ` որքան էլ երկիրը ուժեղ լինի, եթե ճշմարտությունը ինքն իր համար չի բացահայտում, առաջ շարժվել չի կարողանա: Եթե կոմունիստական կուսակցությունը երկու անգամ ավելի շատ ձայն է ստանում, նշանակում է` դժգոհությունն առկա է: Ընտրություններին չմասնակցողների քանակը աճում է տասը տոկոսով, նշանակում է` իրավիճակը ճգնաժամային է: Պետք է սպասել և տեսնել, թե այս գործընթացը որքանով շարունակական կլինի, որովհետև ընտրություններին չմասնակցած պասիվ ուժերը իրենք էլ են դժգոհ, և պարտադիր չէ, որ նրանք ազատական գաղափարների կրողներ լինեն: Իմ կարծիքով` շարժումը ինչ-որ պահի կմարի: Այս ամենը կապված է մարտ ամսին կայանալիք ընտրությունների հետ, այսինքն` նախագահական ընտրությունների նախերգանքն է:
– Մարտ ամսվա ընտրությունները ինքնին նաև քաղաքական վիճակը արթուն պահելու կարևոր գրավական են:
– Միանշանակ, մենք էլ ուրախ կլինենք` որպես քաղաքական գործիչներ: Յուրաքանչյուր ընտրությունից հետո աշխատել ենք այդ միտինգային պայքարը շարունակել, շատ դեպքերում` նաև անհաջող, որովհետև երկրում որևէ բան չի փոխվել, բայց միևնույն է` դա ցույց է տալիս, որ երկրում ինչ-որ բան այնպես չէ: Ես միշտ կրկնել եմ` Հայաստանում չի կարելի արհեստականորեն այդքան մարդ հավաքել փողոց, կարելի է հավաքել միայն դրա մի մասը:
– Տեսագրություններով ակնհայտ երևում էր, թե ինչպես էին «խոպանչի» աշխատողներին ուղղակի ստիպողաբար բերել հրապարակ՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությանն աջակցելու համար:
– Կարծում եմ` դա երկուստեք էր, ինչպես մեզ մոտ: Երբ 2008 թվականի նախագահական ընտրություններն ավարտվեցին, Սերժ Սարգսյանի օգտին Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը ուղղակի տեղափոխվեց Ազատության հրապարակ: Իմ ունեցած տվյալներով, Բոլոտնայա հրապարակում նաև ազատականների հանրահավաքն է եղել: Այնտեղ էլ են փողեր դրվել, այդ թվում` նաև արևմտյան որոշակի փողեր: Իսկ «Եդինայա Ռոսիա»-ի հանրահավաքին, համոզված եմ, օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրսը:
– Ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում Հայաստանում գլխավոր խաղացողը Ռուսաստանն է, և ակնհայտ է, որ Ռուսաստանում կատարվող այս ֆունդամենտալ փոփոխությունները այս կամ այն չափով կազդեն այն երկրների վրա, որոնք կրում են Ռուսաստանի ազդեցությունը: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս ընտրությունները Հայաստանի առաջիկա զարգացումների վրա, որովհետև գալիք տարին ընտրական է, և բնականաբար` իշխանական և ներիշխանական իրավիճակը լարված է:
– Եթե Ռուսաստանում գլխավոր դեմքը Վլադիմիր Պուտինն է, ուրեմն պարզ է, որ Պուտինը երկիրը պետք է առաջ տանի հին ձևով, և իմ կարծիքով` դա փակուղի է: Պարզ է, որ նոր գաղափարախոսության, նոր գործողությունների կարիք կա: Այդ գաղափարախոսության առանցքային մեխերից մեկը Եվրասիական միությունն է, միություն, որն ավելի շատ տնտեսական բազա ունի: Սա նոր երևույթ է: Ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը գնում է դեպի ձախ` միութենական գաղափարախոսության, որովհետև հիմնական հաղթողը կոմունիստներն են: Իսկ ըստ կոմունիստների` պետք է ստեղծել նոր միություն, Արևմուտքի նկատմամբ ցուցաբերել բավականաչափ կարծր դիրքորոշում, արդյունաբերությունը զարգացնել, կրճատել բյուրոկրատիան:
– Մեծ հաշվով, Արևմուտքին հնարավորություն չի տրվում ընտրելու: Պուտինն այսօր այն կերպարով է ներկայանում, որով վերջին տասը տարիներին կառավարել էր երկիրը: Նրան կհաջողվի՞ արդյոք նոր իմիջով, նոր կերպարով ևս 14 տարի կառավարել:
– Պարզ է, որ Հայաստանում կայանալիք ընտրություններին իշխող կոալիցիան գահավիժելու է, քանի որ մեր կենսամակարդակը շատ ավելի վատ վիճակում է: Ընտրություններին մենք կներկայացնենք մեր քաղաքական պլատֆորմը, և դուք կտեսնեք, որ նրանում ներառված է արդյունաբերության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնություններով: Մեր նախընտրական պայքարի պլատֆորմի գլխավոր մեխը լինելու է մի կողմից` Եվրասիական միությունը, մյուս կողմից` արդյունաբերության զարգացումը, նաև լուրջ փոփոխություններ կառավարության կազմում: Մենք նախատեսում ենք կետ առ կետ նշել բոլոր համակարգային փոփոխությունները:
– Այսինքն` Դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունը բավարար չափով Ռուսաստանին ինտեգրվա՞ծ չէ, և երկրի քաղաքականությունը բավարար չափով չի՞ ծառայեցվում Ռուսաստանի շահերին:
– Եթե համեմատենք 1927 թվականի և 1988 թվականի Հայաստանը, ապա կտեսնենք, որ կա պատմական արդարություն: Հարցն այն է, թե որ երկիրն է մինչև այսօր և սրանից հետո պատրաստ մեծ ներդրումներ կատարել Հայաստանի արդյունաբերության զարգացման համար:
– Ոչ միայն մեր պատճառով, այլ նաև Ռուսաստանի մասնակցությամբ մենք հայտնվել ենք Ռուսաստանից կախյալ իրավիճակում, երբ ներդրողը բացառապես շարունակում է մնալ Ռուսաստանը:
– 1918 թվականին, մինչ Հայաստանի խորհրդայնացումը, Դաշնակցության լիդերները լուրջ հարաբերությունների մեջ էին Անտանտի հետ: Դրոյին առաջարկում են` եթե Հայաստանը Ադրբեջանից շուտ դառնա խորհրդային պետություն, ապա շատ բան հնարավոր կլինի փրկել: Դրոն և մյուսները թեև հերոսներ են, սակայն քաղաքականապես ավելի կարճատես գտնվեցին և որոշեցին անկախանալ, որը որպես գաղափարախոսություն` նորմալ է: Բայց փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը առաջինը խորհրդայնացավ և մեծապես շահեց. մենք կորցրինք մեր հողերի մեծ մասը, և եթե ամբողջությամբ կատարվեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա 71 հազար քառակուսի կմ Հայաստանից կմնար ինը հազարը: Եթե խորհրդայնացումը չլիներ և Ալեքսանդրապոլի պայմանագիրը ամբողջությամբ կատարվեր, այսօրվա Հայաստանի մի մասն էլ չէինք ունենա: Ռուսաստանը խորհրդային բյուջեից ներդրումներ է կատարել ոչ միայն Հայաստանում, այլև Տաջիկստանում, Ղազախստանում, Մերձբալթյան երկրներում: Քսան տարի է` անկախ ենք, իսկ ո՞վ է որևէ մեկի ձեռքը բռնել` արդյունաբերական ձեռնարկությունների մեջ ներդրումներ կատարելու համար: Մենք ունենք մեծ պարտքեր Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին: Այդ գումարները հիմնականում ուղղվել են ենթակառուցվածքներին` ճանապարհների նորոգմանը (սակայն դրանք արագորեն քանդվում են), զբոսաշրջության զարգացմանը (պատերազմող երկիրը զբոսաշրջություն է զարգացնում): Մեզ մոտ հանգստյան գոտիներում գներն ավելի թանկ են, քան Ալպերում: Ես ուզում եմ հասկանալ` ԱՄՀ-ն կամ Համաշխարհային բանկը այդքան պատրաստված մասնագետներ չունեի՞ն, որ չհասկանային:
– Ռուսական ներդրողները Հայաստանում քաղաքական, տնտեսական առումով բարեփոխումներ չեն պահանջում:
– Ժամանակավորապես չեն պահանջում: Կարելի է ենթադրել, որ ռեժիմը` խոստանալով հավատարիմ մնալ ռուսական շահերին և ներկայացնելով ռուսական շահերը, կարողանում է մինչև այսօր համոզել, թե նման քաղաքականությունը ճիշտ է: Բայց հիմա եկել է եզրահանգման պահը, որովհետև ես միշտ ասում եմ, որ Հայաստանի կոմպլեմենտարիզմը վերջանալու է: Հստակ դրված է խնդիր` ՆԱՏՕ՞, թե՞ Եվրասիական միություն: Չինաստանի, Թուրքիայի նման երկրները, Եվրամիությունը, ինչպես նաև ամերիկյան որոշակի կամպանիաներ կռիվ են տալիս ռուսական շուկայում աշխատելու համար, մինչդեռ մեզ առաջարկում են ինչ-որ սին գաղափարախոսություն: Մինչ օրս ոչ մի լուրջ փաստարկ չի ներկայացվել, միայն սին գաղափարախոսություններ` մենք ֆորպոստ չենք և այլն: Կա շուկա, որի համար նույնիսկ այլ տերություններ տնտեսական և քաղաքական բախումներ են ունենում: Մենք այդ շուկայի օրգանական մասն էինք և հիմա կարող ենք վերադառնալ, ստանալ այդ ներդրումները և դրանք իրագործելով` Հայաստանում դառնալ արդյունաբերական, արտադրող երկիր: Սակայն կան ռեալ դժվարություններ: Միակ օբյեկտիվ դժվարությունը տրանզիտի խնդիրն է: Ես գիտեմ նաև դրա լուծման տարբերակը: Ընդհանրապես մաքսատները կվերացնեի` ոչ միայն Թուրքիայի, այլև հայ-վրացական, ներքևում` Իրան և արաբական աշխարհ, վերևում` Ռուսաստան: Սա հրաշալի իրավիճակ է, որը կարող է հյուսիս-հարավ ճանապարհ լինել, հանուն որի կռիվ են տալիս նույն Ադրբեջանը, Ղազախստանը:
– Դուք կարծում եք, թե Հայաստանի իշխանությունները դեռ վերապահումնե՞ր ունեն այս գաղափարի նկատմամբ:
– Նրանք բացահայտ ասում են, որ չեն մտնելու:
– Արա Աբրահամյանն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ խոսել է, և Սերժ Սարգսյանը նրան հավաստիացրել է, թե Հայաստանը դառնալու է այդ միության անդամ: Ինչքանո՞վ եք դուք տեղեկացված:
– Ես տեղեկացված չեմ, բայց եթե հավատանք մամուլին, Արա Աբրահամյանը գտնվում է ԱՄՆ-ում: Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարեց, որ մենք ազատ գոտու մաքսային միությանը չենք միանալու: Սերժ Սարգսյանը Վենետիկի իր ճառում նշեց, որ մենք գնում ենք եվրաինտեգրման ճանապարհով, և եվրոպական շուկան ու ազատ առևտրի գոտին մեզ համար առաջնահերթ են: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը փորձեց անդամակցել «Եդինայա Ռոսիային» կամ կոմունիստական կուսակցությանը, սակայն անդամակցության հայտ ներկայացրեց ԵԺԿ-ին: Որևէ փաստարկ` տնտեսական, քաղաքական, գեոքաղաքական, ռազմական, ես չեմ լսել:









































