Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում համաձայնություն է ձեռք բերվել ապագա խորհրդարանի պատգամավորների թվաքանակի մեծացման շուրջ։ Երեկ ընդդիմության ներկայացուցիչները տվյալ խնդրի շուրջ խորհրդակցել են իշխող կուսակցության ու խորհրդարանի խոսնակի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը հանգել են փոխզիջումային տարբերակի, ըստ որի՝ հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների քանակը 75-ից նվազեցվելու է 73-ի, իսկ համամասնական կարգով ընտրվածների քանակը 75-ից հասցվելու է 77-ի։
Բացի այդ, կողմերը համաձայնել են, որ այսուհետ գործող օրենսդրության մեջ ուղղումներ անել ենթադրող օրինագծերի հաստատման համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/4-ի հավանությունը։ Ներկայումս դրա համար անհրաժեշտ է 2/3-ի աջակցությունը։
Պայմանավորվածություններից մեկի համաձայն՝ հաջորդ գումարման խորհրդարանում խմբակցություններ ստեղծելու իրավունք կունենան այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են նախընտրական 5 տոկոսանոց շեմը և մուտք են գործել խորհրդարան։ Գործող օրենսդրությամբ՝ խորհրդարանական խմբակցության ստեղծման իրավունք է վերապահված այն կուսակցություններին, որոնք ունեն նվազագույնը 6 պատգամավորական մանդատ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ընդդիմության ու իշխանության միջև ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է, որ Վրաստանի հաջորդ գումարման խորհրդարանը պետք է ներկայիս 150 պատգամավորական մանդատի փոխարեն ունենա 190 պատգամավորական մանդատ, որոնցից 83-ը պետք է ընտրվեն մեծամասնական կարգով, իսկ 107-ը՝ համամասնական։







































