Apple և Google ընկերությունների առաջատար մասնագետները մշակում են լայն կիրառման համար դյուրակիր էլեկտրոնային սարքավորումների նոր գիծ` ձեռքի ժամացույցի կամ կրծքազարդի տեսքով համակարգիչ-աքսեսուարներ: Այն միշտ ձեռքի տակ է, ուշադրություն չի գրավում և օգտատերերին թույլ է տալիս «դիմել» և կառավարել մնացած սարքավորումներ, որոնք հագեցած են iOS և Android օպերացիոն համակարգերով:
Ինչպես հայտնում է New York Times-ը, Apple-ի աշխատակիցները մշակում են նոր «գծի» ապրանքների աշխատանքային նախատիպերը: Դրանցից մեկը iPad ձայնարկիչն է, որն ամրացվում է ժամացույցին և ենթարկվում է ձայնային հրահանգներին «անձնական օգնական» Siri միջոցով: Այդ ծրագիրն ի վիճակի է ճանաչել մարդու խոսքը, իրականացնել արտաբերված բառերի տեքստային հավաքը և ձայնային հրահանգները:
Համանման նախագիծ է իրականացնում Google-ը, որի համար փորձագետներ են վարձվել Apple, Nokia ընկերություններից և ԱՄՆ տեխնիկական համալսարաններից:
Մասնագետները պարզաբանում են, որ գաղափարի հիմքում ընկած է սմարթֆոնը, որը փաստացի համարվում է զանգվածային կիրառման դյուրակիր համակարգիչ (նոութբուք): Համաձայն վիճակագրության` «խելացի հեռախոսներ» ամենաշատը օգտագործում են ԱՄՆ-ում:
Ապրանքների նոր գիծը պետք է անցումային փուլ դառնա նոր սերնդի սարքավորումների համար: Ապագայում ստեղծվելու են նաև համակարգչայնացված ակնոցներ և կոնտակտային լինզաներ, որոնք, փորձագետների կարծիքով, շուկայում հայտնվելու է առաջիկա 10 տարում: Այս սարքավորումները հնարավորություն կտան առօրյա կյանքում վերացնել վիրտուալ և իրական աշխարհի միջև բոլոր սահմանները:










































