TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում (Սենատում) Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու նպատակով թուրքական «քաղաքական դեսանտն» անցել է իր բուն գործունեությանը։
Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Վոլքան Բոզքըրը։ Պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչները։
Երկու օր շարունակ թուրքական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ։ Ֆրանսիայում Վոլքան Բոզքըրը հայտարարել է. «Սա շատ կարևոր հարց է Թուրքիայի համար։ Երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի համար։ Սակայն իրավիճակն այնպիսին է, որ մեր համբերությունը սպառվում է, հարցը հասել է վերջին փուլին»։









































